ՌԴ Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՏԱՄԱՐԱ ԳՈՒԶԵՆԿՈՎԱՆ և Ղազախստանի իշխող «Նուռ Օտան» կուսակցության հրապարակային քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ՍԵՐԻԿ ԿՈԺԿԵՆՈՎԸ Երևան էին եկել՝ մասնակցելու նոյեմբերի 13-ին՝ Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ու «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպության համատեղ «Հայաստանի եվրասիական հեռանկարը տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներ» միջազգային համաժողովին:
«ԵԱՏՄ-Ն ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ Է, ԲԱՅՑ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՆԱՆՔ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ-ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԸ»
Հարցերին պատասխանում է Ղազախստանի իշխող «Նուռ Օտան» կուսակցության հրապարակային քաղաքականության ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու ՍԵՐԻԿ ԿՈԺԿԵՆՈՎԸ:
-Առաջին անգա՞մ եք Երևանում:
-Այո, հիանալի քաղաք է, հիանալի մարդիկ, հիանալի եղանակ: Մարդիկ շատ բարյացակամ են: Նրանք այդպիսին էլ եղել են, մենք բոլորս շատ մերձ ենք միմյանց՝ ունենալով նույն պատմական արմատները և ընդհանուր պատմությունը, ընդհանուր մշակույթը: Զարգացման խորհրդային շրջանը, բնականաբար, մոռանալ չենք կարող և շատ ընդհանրություններ ունենք: Մենք մասնակցում էինք Երևանի պետական համալսարանում անցկացված միջազգային համաժողովին, որտեղ շատ հիմնավոր խոսակցություն ծավալվեց՝ դասախոսների, ուսանողների, փորձագետների հետ, խոսակցություն, որ նաև համախոհների հանդիպում էր, մարդկանց, ովքեր կողմ են ԵԱՏՄ-ի ստեղծմանը: Մայիսին Աստանայում ԵԱՏՄ-ի ստեղծման պայմանագիր կնքվեց, մեծ հավանականություն կա, որ Հայաստանի Ազգային ժողովը պայմանագիրը կվավերացնի, իսկ մենք արդեն վավերացրել ենք, և Հայաստանը կդառնա ԵԱՏՄ լիարժեք անդամ:
-Դուք չե՞ք կարծում, որ Հայաստանի ու Ղազախստանի ապրանքաշրջանառությունը չի համապատասխանում երկու երկրների ներուժին, որ Հայաստանն ու Ղազախստանը միմյանց համար կարող էին ավելին անել: Ո՞վ պետք է առաջին քայլն անի:
-Ոչ միայն կարող էին, այլև՝ կանեն, և շատ լավ հեռանկարներ կան: Մեր այցի ընթացքում փորձագիտական մակարդակով խոսակցություն ծավալվեց, «Նորավանք» հիմնադրամում քննարկում ունեցանք քաղաքագետների ու տնտեսագետների հետ: Վստահ եմ, որ արդյունքում ի հայտ կգան այն ձևերը, որոնցով պիտի մեր տնտեսական ինտեգրումը հարստացնենք: Ի՞նչ է ԵԱՏՄ-ն: Միություն առաջին հերթին՝ իրավահավասար, կամավոր ու գիտակցաբար անդամակցած երկրների: Միություն, որ բաց է մյուս շահագրգիռ երկրների առաջ, որ այսօր արդեն կան: Ի՞նչ առավելություններ է տալիս: Ղազախստանն ունի 17 միլիոն բնակչություն, մեծ տարածք, հարուստ է հումքաէներգետիկ ռեսուրսներով, բայց երբ մենք մտնում ենք ԵԱՏՄ, մեր շուկան 17 միլիոնից 170 միլիոն է դառնում, ինն անգամ մեծանում է տարածքը:
-Ղազախական բիզնեսին Հայաստանը ինչո՞վ կարող է հետաքրքրել:
-Ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև իրոք փոքր է, ի՞նչ է տալիս մեզ ԵԱՏՄ-ն այդ առումով: Միասնական են դառնում մաքսատուրքերը: Հայաստանում լավ զարգացած է քիմիական ու նավթաքիմիական, լեռնահանքային արդյունաբերությունը, Հայաստանը գյուղատնտեսական երկիր է: Ես կարծում եմ՝ Ղազախստանն էլ Հայաստանին առաջարկելիք ունի: Միության կազմում շատ արգելակներ, որ այսօր դեռ խոչընդոտում են բիզնեսին, գործնականում կվերանան: Իսկ բիզնեսի համագործակցությունը նշանակում է համատեղ ձեռնարկություններ, նոր աշխատատեղեր, նոր հարկեր: Համապատասխանաբար՝ կյանքն ու մարդկանց բարեկեցությունը միայն բարելավվելու են: Մեծանալու են երկու պետությունների ՀՆԱ-ի ցուցանիշները, նաև՝ Ռուսաստանի ու Բելառուսի: Դա միայն տնտեսական ոլորտն է: Մենք ասում ենք՝ Եվրասիական տնտեսական միություն և ամեն տեղ ընդգծում ենք տնտեսական բաղադրիչը, բայց չպետք է մոռանանք հումանիտար-քաղաքակրթականը: Ի՞նչ է եվրասիական ինտեգրումը: Գլխավոր սկզբունքը, որ արձանագրված է պայմանագրում, ապրանքների, ծառայությունների, աշխատուժի և կապիտալի ազատ տեղաշարժի սկզբունքն է: Դա նշանակում է, որ եկող տարվա հունվարից միության բոլոր քաղաքացիները միանգամայն ազատ կարող են տեղաշարժվել ԵԱՏՄ տարածքում, դա նշանակում է՝ աշխատանք, կրթություն, համապատասխան սոցիալական փաթեթներ պիտի ապահովեն հավասարապես բոլոր քաղաքացիների համար: Եվ դա մեծ պլյուս է, որ տալիս է ԵԱՏՄ-ն: Արդեն 2015-ից, կարծում եմ, Հայաստանի քաղաքացիները դա կզգան իրենց առօրյա կյանքում: «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանի հետ մենք այդ մասին երկար ենք խոսել: Նրանք սոցիոլոգիական հարցում են կատարել՝ պարզելու` ինչպես են Հայաստանի քաղաքացիները վերաբերվում ԵԱՏՄ-ին անդամակցությանը, և գործնականում 80 %-ը աջակցում է միությանը: Այսինքն՝ երկրի բարձրագույն ղեկավարությունն ընդունել է քաղաքական որոշում, որը հենվում է շարքային քաղաքացիների կամահայտնության վրա:
-Ղազախստանն ինչպե՞ս է վերաբերվում ԵԱՏՄ-ի ընդլայնմանը, Ադրբեջանի անդամակցումը ռեա՞լ է:
-Այդ հարցը Ղազախստանում էլ է առաջացել: Ես ընդգծում եմ՝ ԵԱՏՄ առաջին հերթին տնտեսական միությունը, հնարավորություն չի՞ տա մեկ երկրի գերակշռել մյուս երկրների վրա: Եվ դա չի՞ նշանակի միությանն անդամակցած պետությունների ինքնուրույնության սահմանափակում: Ըստ ստորագրված պայմանագրի, և դա պայմանագրի բազային պայմանն է, յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայն, ու բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսով: Եթե երկրներից մեկը համաձայն չէ, որոշումը չի ընդունվում: Այդ պատճառով էլ՝ ով էլ ընդունվի ԵԱՏՄ, իսկ միությունը բաց է և ցանկացողներ արդեն իսկ կան, որոշումը պետք է լինի համատեղ:
-Ո՞ր երկրներն են անդամակցության ցանկություն հայտնել:
-Ղրղզստանը, իրենց հետաքրքրությունն են հայտնել երկրներ, որ ԵԱՏՄ-ից շատ հեռու են թվում՝ Վիետնամն ու Հնդկաստանը: Ցանկացած անդամ կարող է ընդունվել միայն կոնսենսուսով: Ես ուզում եմ ևս մեկ մտավախություն հանել օրակարգից: Շատերն են ասում՝ ԵԱՏՄ-ն վերադարձ չէ՞ ԽՍՀՄ-ին: Ես համոզված եմ, որ ԽՍՀՄ-ին վերադարձի կետն անվերադարձ անցած է: Եվ Հայաստանում, և ՌԴ-ում, և Բելառուսում, և Ղազախստանում արդեն գոյություն ունեցող ինստիտուցիոնալ բազան թույլ չի տա վերադարձ ԽՍՀՄ-ի ձևաչափին, այդ պատճառով պետական ինքնուրույնության ու անկախության, տարածքային ամբողջականության հարցերը անքննարկելի են: Հայաստանի քաղաքացիները այս առումով բավականաչափ ողջախոհ պետք է լինեն՝ ըմբռնելու, որ վերադարձ ԽՍՀՄ-ին այլևս չի լինի: Բայց դա չի նշանակում, որ մենք միմյանց հետ չպետք է համագործակցենք ու կոոպերացվենք: Փորձագիտական մակարդակով հաստատված է, որ աշխարհում ոչ մի երկիր չի կարող միայնակ պայքարել գլոբալացման գործընթացների դեմ: Այդ պատճառով էլ տարածաշրջանային ինտեգրում է կատարվում: Հիմա աշխարհում 200 ինտեգրացիոն միավոր կա՝ տարբեր մակարդակների ու տարբեր ուղղություններով: Օրինակ՝ ազատ առևտրի Հյուսիսամերիկյան գոտին, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիան՝ հզոր ինտեգրացիոն միավորումներ, որ թույլ են տվել այդ կառույցներում ընդգրկված երկրներին միասին դիմակայել մարտահրավերներին: Ես կարծում եմ՝ ապագան ԵԱՏՄ-ինն է, և այս միությունն իր տեղը կգտնի մյուս բոլոր ինտեգրացիոն միավորումների մեջ, ավելին՝ շատ փորձագետների կարծիքով՝ շատ լավ հեռանկարներ կան:
-Այսինքն՝ դա երկա՞ր ժամանակի համար է:
-Երկար և շատ լուրջ: Դա այն ճանապարհն է, որ ընտրել են Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի, հիմա նաև Հայաստանի ժողովուրդները և ապագան նոր աշխատատեղերի ստեղծմանը, բիզնես նախագծերինն ու ներդրումներինը, կապիտալի ու աշխատուժի ազատ տեղաշարժինն է: Դա ավելի ու ավելի մեծ վստահություն կներշնչի քաղաքացիներին, որ կատարված ընտրությունը ճիշտ էր: Հեռանկարները շատ հուսադրող են: Հայաստանը չունի մեծ էներգետիկ ռեսուրսներ, բայց ունի մեկ, շատ կարևոր առավելություն՝ մարդկային կապիտալը: Աշխարհը հիմա այնպես է կառուցված, որ նավթ, գազ, մետաղներ ունեցող երկրները հարուստ են, բայց բնական պաշարները հավերժ չեն, վաղ, թե ուշ սպառվելու են, իսկ մարդկային կապիտալը սահմաններ չունի: Շատերն ասում են, որ Հայաստանը երեք միլիոն բնակչություն ունի և տարածքով փոքր երկիր է, այնուհանդերձ, ես միշտ բերում եմ Ֆինլանդիայի, Դանիայի, Սինգապուրի օրինակները: Մարդկային կապիտալը, ինտելեկտուալ ներուժը, կրթությունը, բարձր տեխնոլոգիաները, գիտատար տեխնոլոգիաները Հայաստանի համար շատ լավ հիմք են, և եթե ռեսուրսները այս ուղղություններով կենտրոնացվեն, Հայաստանը կունենա սեփական տեղը, որը թույլ կտա մրցունակ պետություն դառնալ: Եթե Հայաստանը մեծացնի իր մրցունակությունը, շարքային քաղաքացիների կյանքն էլ կբարելավվի: Իսկ Ղազախստանի, Բելառուսի ու Ռուսաստանի ունեցած հնարավորություններն էլ օգտագործելով՝ Հայաստանի հնարավորությունները բազմապատկվում են:
«ՓԱՅՏԸ ՄԻՇՏ ԷԼ ԵՐԿՈՒ ԾԱՅՐ ՈՒՆԻ»
Մեր զրուցակիցն է Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի փոխտնօրեն, պատմական գիտությունների դոկտոր ՏԱՄԱՐԱ ԳՈՒԶԵՆԿՈՎԱՆ:
-Առաջին անգա՞մ եք Հայաստանում:
-Ոչ, երրորդ անգամ, և միշտ գալիս եմ՝ մասնակցելու միջոցառումների, որոնք կապված են եվրասիական ինտեգրման հետ: Ես երջանիկ եմ, որ իմ համեստ ներդրումն ապարդյուն չանցավ, և այս անգամ եկել եմ Հայաստան, երբ պայմանագիրն արդեն կնքված է ու բոլորս սպասում ենք, որ 2015-ի հունվարի 1-ից Հայաստանը կլինի ԵԱՏՄ լիարժեք անդամ:
-Ձեր գնահատականով՝ ի՞նչ կտա դա Հայաստանին:
-Շատ վերլուծական կենտրոններ ու տնտեսագետներ են արդեն իրենց հաշվարկները հրապարակել և փորձագիտական գնահատականներ կան: Հայաստանի անդամակցության օգուտներն ու առավելությունները պայմանականորեն կարելի է երեք մասի բաժանել: Առաջինը՝ գլխավորն ու ամենաակտուալը, տնտեսական առավելություններն են: Փորձագետներն այս հարցում ուշադրությունը բևեռում են այն փաստին, որ առաջին երկու-երեք տարիներին սպասվում է ՀՆԱ-ի էական աճ, որովհետև սկզբում հենց փոքր տնտեսություններն են իրենց համեստ բյուջեներով ստանում առավելագույնը ինտեգրացիոն գործընթացներից, իսկ ավելի մեծ էկոնոմիկաները ¥ինչպես ռուսականը¤, որ նվազ ճկուն են, նվազագույն առավելություններ են ստանում: Համենայն դեպս՝ սկզբում: Հիմնական ցավոտ ու կարևոր խնդիրներից մեկը Հայաստանի համար տրանսպորտային փակուղուց դուրս գալն է: Տրանսպորտային մեկուսացումը, որի մեջ է Հայաստանը, և անելքության զգացումը, որ Հայաստանում արտադրվող նյութական բարիքները չեն կարող ազատ փոխադրվել հարևան պետություններ, հետխորհրդային տարածք, անկասկած թիվ մեկ հարցն են, որ պետք է արագ լուծվեն: Որովհետև այն չորս ազատությունները, որ ստանում են ԵԱՏՄ երկրները ¥կապիտալի, ապրանքների, ծառայությունների և աշխատուժի ազատ տեղաշարժ¤, չեն կարող իրագործվել առանց տրանսպորտային հաղորդակցության: Դա բավականաչափ բարդ հարց է, տրանսպորտային այդ նախագծում ոչ միայն ԵԱՏՄ անդամներն են ներգրավված, այլև այլ երկրներ՝ Վրաստանը, Աբխազիան, Հարավային Օսիան, այնուհանդերձ, դա լուծելի հարց է, որ առաջիկայում մեռյալ կետից կշարժվի: Կարծում եմ՝ Հայաստանը կստանա ելքեր դեպի արտաքին շուկա:
-Դուք նկատի ունեք երկաթգի՞ծը Վրաստանի ու Աբխազիայի տարածքով:
-Այո, այդ հարցը պիտի լուծվի, գուցե փուլ առ փուլ, այնուամենայնիվ, երկաթուղային հաղորդակցությունը պիտի գործի: Հայաստանի համար կարևոր հարցերից է միգրացիան: Հայաստանը դոնոր երկիր է, որ վիթխարի քանակությամբ աշխատուժ է տրամադրում երկրից դուրս: ԵԱՏՄ անդամակցությունից հետո արտագնա աշխատանքի մեկնողները գործնականում նոր կարգավիճակ են ստանում, նրանք այլևս հարկադրված չեն լինի անցնել բարդ, երբեմն ստորացուցիչ գործընթացներով՝ տարբեր թույլտվություններ ստանալու համար: Հայաստանի քաղաքացիները կարող են դուրս գալ Հայաստանից, աշխատանք ստանալ շատ ավելի քիչ բարդություններով, քան հիմա կան:
-Դուք չե՞ք կարծում, որ դոնորի կարգավիճակը Հայաստանի համար ոչ թե պլյուս է, այլ մինուս, Հայաստանին պետք է իր արդյունաբերությունը, իսկ դրա համար ներդրումներ են անհրաժեշտ: Կստանա՞ Հայաստանը այդ հնարավորությունը:
-Ես կարծում եմ, որ տեղաշարժի ազատությունը հիանալի է, բայց ավելի լավ է աշխատես ու ապրես քո երկրում: Ներդրումային բաղադրիչը կուղեկցի տրանսպորտային խնդրի լուծմանը: Ներդրումներ անել մի երկրի տնտեսության մեջ, որը չի կարողանում իր տնտեսական ներուժը իրականացնել՝ լինելով հաղորդակցային մեկուսացման մեջ, ռիսկային է: Այս խնդիրները զուգահեռ պիտի լուծվեն: Բացի այդ՝ դոնորի կարգավիճակը որոշակի պահերի փրկություն է ազգային տնտեսությունների համար:
-Այո, բայց դա կարճաժամկետ փրկություն է:
-Այդ կարճաժամկետը շարունակվում է բավականին երկար ժամանակ: Հայ տնտեսագետները հաշվել են, որ տրանսֆերտների մասնաբաժինը բյուջեի 65 %-ն է կազմում: Դա նշանակալից ցուցանիշ է: Հայաստանի տնտեսական օրակարգում պետք է լինեն նոր արտադրությունների բացումը և աշխատատեղերի ստեղծումը: Գուցե տնտեսության կառուցվածքի փոխումը ու դիվերսիֆիկացումը: Ծանր արդյունաբերությունը, իհարկե, նպատակահարմար չէ, էներգատար ու մետաղատար արտադրությունները՝ նույնպես, նշանակում է՝ պետք է զարգացնել գիտատար արտադրությունները, փոքր ու թեթև, որ դժվար չլինի արտահանելը, ինչպես ծանր ու ծավալուն արտադրանքը: Հայաստանը մեծ ներուժ ունի այդ առումով: Այստեղ, իհարկե, ևս մեկ խնդիր է առաջանում՝ ԵԱՏՄ-ն չի կարող հաջողությամբ ու լիարժեք գործել, եթե մարդիկ չստանան ընդհանուր կրթական ստանդարտներ, երբ պետք է միասնական մտածել ու գործել, որ մեկ երկրի արտադրանքը հնարավոր լինի օգտագործել գործընկերների երկրներում: ՈՒստի սպասվում է բարդ աշխատանք՝ երկարատև ու փուլ առ փուլ:
-Ինչի՞ց է պետք սկսել:
-Նախ և առաջ՝ տրանսպորտային խնդիրների լուծումից: Քանի դեռ երկիրը չունի ճանապարհներ, ներդրումները դժվարությամբ են գալու: Հայաստանի համար շատ կարևոր է ունենալ իր իրավահավասար ու հնչեղ ձայնը ԵԱՏՄ-ում՝ ոչ միայն առավելություններից օգտվելու համար, այլև իր սեփական օրակարգը ձևավորելու: ԵԱՏՄ յուրաքանչյուր անդամ ինքնատիպ է ու անկրկնելի, ունի իր առանձնահատկություններն ու պրոբլեմները, պրոբլեմների լուծման իր տեսակետները, իր ցավոտ հարցերը: Հայաստանը պիտի ձևավորի իր օրակարգը, որ ներգրավվի ընդհանուր ենթատեքստում՝ այդ ընթացքում բարեփոխելով իր տնտեսությունը, ֆինանսները՝ երկրի պահանջներին համապատասխան: Այս առումով՝ իմաստ ունի, որ ամեն երկիր իր մասնագիտացումների ծրագիրը կազմի, որ կարողանա իր տեղը զբաղեցնել ընդհանուր տարածքում: Ղազախստանի ու Ռուսաստանի դերը քիչ թե շատ հասկանալի է, որովհետև հումքային երկրներ են և վիթխարի էներգետիկ ներուժ ունեն, հավանաբար առաջիկայում հենց այդ ռեսուրսները կշահագործեն: Հայաստանն ու Բելառուսը, որտեղ ռեսուրսները շատ ավելի քիչ են, աղքատ ու դժբախտ են, միաժամանակ, այդ դժբախտությունը նրանց առավելությունը կարող է դառնալ: Հայաստանը նախ և առաջ պետք է կենտրոնանա ավելացված արժեքի հարկով ապրանքների արտադրության վրա: Եվս մեկ կարևոր հանգամանք կա, որ տրանսպորտային խնդրի լուծում է պահանջում՝ պարենային անվտանգությունը: Մենք հիմա պատժամիջոցների ճնշման տակ ենք: Գուցե ոմանք ինձ հետ չհամաձայնեն, բայց ես համոզված եմ, որ եթե պատժամիջոցները չլինեին, պետք էր հնարել, որպեսզի վերջապես քաղաքական, ֆինանսական ու տնտեսական էլիտաները մտածեն ինչպես ինքնաբավ դարձնել սեփական տնտեսությունը: Եթե ոչ ամբողջությամբ ինքնաբավ, գոնե՝ արտաքին սպառնալիքներին դիմադրունակ: Պարենային անվտանգության հարցը հիմա ողջ հասակով է կանգնել մեր դիմաց, և միության մեր գործընկերները կարող էին մեզ օգնել: Էկոլոգիապես մաքուր մթերքները կարող էին ռուսական շուկա մտնել և մեր սեղանին հայտնվել: Դա շատ կարևոր է՝ հիմա բոլորովին այլ կերպ են սկսել գյուղատնտեսությանը վերաբերվել: Ցավոք, վերջին տարիներին քամահրական վերաբերմունք կար, որովհետև ցանկացած արտադրանք, չասեմ ինչ որակի, հնարավոր էր դեմպինգային գներով գնել արտասահմանից և ուշադրություն չդարձնել սեփական արտադրողի ու սպառողի վրա: Հիմա քաղաքականությունը փոխվել է: Ռուսաստանում, ցավոք, սննդամթերքը բավականին թանկ է, որովհետև դժվար կլիմայական պայմաններ են, էներգատարությունը բարձր է, իսկ Հայաստանը, երբ տրանսպորտային խնդիրը լուծվի, կարող է կարևոր սեգմենտ դառնալ: Ես խորապես համոզված եմ, որ Հայաստանն ունի իր կարևոր, բացառիկ առաքելությունը ԵԱՏՄ-ում: Հայաստանը Ռուսաստանի բարեկամ երկիր է: Հայաստանի քաղաքացիները Ռուսաստանի նկատմամբ շատ բարյացակամ են, և Հայաստանը, ինչպես ոչ մի այլ երկիր, ԵԱՏՄ կարող է բերել քաղաքակրթական իմաստներ՝ բարեկամության, համագործակցության, մշակութային ընդհանրության, ի վերջո՝ կրոնական: Հայաստանին ԵԱՏՄ-ում տեսնելով՝ Ռուսաստանը ստացել է մեծ բարեկամ՝ հեռավոր հեռանկարով: Հայաստանն այս առումով անփոխարինելի է:
-Ի՞նչ է հիմա կատարվում Ռուսաստան-ՈՒկրաինա փոխհարաբերություններում: Բացի ամեն ինչից՝ դա հետխորհրդային տարածք է, և մի տեղ բռնկած կրակը արագ կարող է փոխանցվել մյուսներին:
-Տեսականորեն հնարավոր է: Ես կարծում եմ՝ հենց դա էլ նկատի ունեին ՈՒկրաինայի իրադարձությունների սցենարիստները: Իրավիճակը ծանր է ու մոտ ապագայում բարդ է լուծումը: Պալարը, որ հասունացել է ու վերջապես բացվել, ապաքինման երկար ժամանակ է պահանջելու: ՈՒկրաինայի ամենառեալ հեռանկարը դաշնային պետություն դառնալն է: Ինչպես կկոչվի գործընթացը՝ ապակենտրոնացո՞ւմ, թե՞ ինչ, այլ հարց է: Բայց ապակենտրոնացումը բացարձակապես անխուսափելի է և դաշնայնացումը ենթադրում է մեծ ինքնուրույնության տրամադրում ռեգիոններին: Երկրի հարավ-արևելքը, համենայն դեպս, այդքան էլ հակված չէ Կիևի արժեհամակարգին, և արևելյան ռեգիոնները, որ մենք Նովոռոսիա ենք անվանում, կկարողանան ավելի սերտ կապեր ունենալ Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի հետ: Ես տնտեսագետ չեմ, բայց հասկանում եմ, որ ԵԱՏՄ-ի անդամության ձևաչափը բացահայտորեն չի բավականացնի, կան անցումային տարբեր ձևաչափեր, համագործակցության տարբերակներ: Ես վստահ եմ, որ վաղ, թե ուշ մենք հանգելու ենք Եվրասիական գործընկերության ծրագրի, Եվրասիական տարածաշրջանի, ասոցացված անդամության գաղափարներին և անխուսափելիորեն կանցնենք այդ միջանկյալ փուլերով, որոնց ընթացքում ինչ-որ երկրներ կարող են հասունանալ լիակատար անդամության համար, կարող են գնահատել իրենց պրոբլեմներն ու առավելությունները, որ անդամակցության արդյունքում կստանան: ՈՒկրաինայում այսօր հակառուսական, ռուսատյացության նախագծի ավարտն է, որը ձևավորվել է եվրաատլանտյան ուժերով: Այն, ինչ այսօր տեսնում ենք ՈՒկրաինայում, բացված վարագույր է, որը ցույց է տալիս, թե ինչ կարող էր պատահել ԱՊՀ երկրներից յուրաքանչյուրի հետ: Մենք չենք կարող դա թույլ տալ:
-Ե՞րբ ու ինչպե՞ս եք տեսնում պատժամիջոցների ավարտը:
-Ես կարծում եմ, որ ամերիկացիները, որ լուրջ տնտեսական շահեր չունեն հետխորհրդային տարածքում, փորձելու են ճնշումներ գործադրել Եվրամիության վրա և պնդել պատժամիջոցները, իսկ ԵՄ-ն ջանալու է աստիճանաբար զրոյացնել: ԵՄ-ի տնտեսական կորուստները համադրելի չեն քաղաքական դիվիդենդներին, որոնց հույսն ունեին: Գուցե չբարձրաձայնվի, բայց բիզնեսի ճնշման ներքո աստիճանաբար պատժամիջոցները թուլանալու են: Այդ բրենդի տակ միանգամայն այլ աշխատանք է կատարվում, որը ուղղված է պատժամիջոցները շրջանցելուն, նվազեցնելուն: Իբրև սպառող՝ ասեմ. այս ամռանը նորոգում էի իմ բնակարանը և շատ էի ուզում ձեռք բերել ապրանքներ, որ արտադրվում են ԵՄ երկրներում: Ինձ ասում էին՝ պատվիրեք, կստանաք մի շաբաթից, երկու շաբաթից: Ես զարմանում էի՝ իսկ պատժամիջոցնե՞րը: ՈՒ ինձ պատասխանում էին՝ մի ծիծաղեցրեք մեզ, ինչպես ստանում էինք, այնպես էլ այդ արտադրանքը ստանալու ենք: Բիզնեսը միշտ գտնում է իր ճանապարհի խոչընդոտները հաղթահարելու միջոցներ: Պատժամիջոցները կարճ ժամանակի համար էին, որը երկարեց: Ամենակարևորը՝ պատժամիջոցները մեզ ստիպեցին վերակառուցել ֆինանսաբանկային համակարգը, մենք հիմա ստեղծում ենք ներքին վճարային համակարգ, սկսում ենք մտածել՝ ինչպես ժողովրդին կերակրել սեփական հացով, մսով, կաթով, եթե չի բավականացնի, կօգնեն մեր բարեկամներն ու դաշնակիցները: Իհարկե, պատժամիջոցները ծանր ու տհաճ են, բայց փայտը միշտ էլ երկու կողմ ունի:
Հարցազրույցները`
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ